Թերապևտիկ ստոմատոլոգիա

Թերապևտիկ ստոմատոլոգիան բերանի խոռոչում կատարվող ցանկացած բուժական միջամտության հիմքն է: Դրա հիմնական ուղղվածությունը կարիեսի ու նրա բարդությունների, պուլպիտի և մի շարք այլ տարածված ախտահարումների հայտնաբերումն ու բուժումն է:

Կարիեսը պաթոլոգիկ պրոցես է, որը բնութագրվում է ատամի կարծր հյուսվածքների, էմալի և դենտինի քայքայմամբ, ինչն իր վնասակար ազդեցությունն է թողնում ամբողջ օրգանիզմի վրա: Կարիեսի բուժումն ուղղված է ատամի ամբողջականության վերականգնմանը, դրա հետագա քայքայման կանխմանը: Ներկայումս օգտագործվող պլոմբանութերը շատ նման են բնական հյուսվածքներին և թույլ են տալիս ատամի վերականգնում` ապահովելով գերազանց էսթետիկա և ամրություն:

Պուլպիտի բուժումն իրականացվում է գրեթե նույն կերպ, ինչպես կարիեսինը. վերացվում է վարակի օջախը, խթանվում են ռեգեներատիվ պրոցեսները, վերականգնվում են ատամի ամբողջականությունն ու ֆունկցիան պլոմբավորման միջոցով: Ժամանակին չբուժված պուլպիտը կարող է պերիոդոնտիտի առաջացման պատճառ դառնալ, որը բուժելու համար հեռացվում է ինֆեկցված պուլպան, նշանակվում են ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրաներ, հաճախ` հակաբակտերիալ թերապիա, որից հետո նոր կատարվում է պլոմբավորում: